Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանում իրավիճակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։

«Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա։ Սա կարևոր նրբություն է՝ հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում, դատարանը հիշատակալով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժը ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույն են, ինչ 2023 թվականի փետրվարին, հետևաբար դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան։

«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունը ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքը արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով և, հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL