Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է:
Ընդգծելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում՝ Գրիգորյանը շեշտել է՝ խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:
«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունն ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է», — ասել է ԱԽ քարտուղարը՝ նշելով՝ վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա, և սա բարդացնում է կյանքը հենց Լեռնային Ղարաբաղում։
Ակնկալիքը ռուս խաղաղապահներից, ըստ Գրիգորյանի, այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն:
«Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները, ասինքն՝ ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը», — ասել է ԱԽ քարտուղարը: