Search
Close this search box.

Քանի դեռ Ադրբեջանը զառանցում է Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել. Սերժ Սարգսյան

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ Դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետև չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»-նախագահական նստավայրում հայտարարել է Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: «Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ:

Ինչ վերաբերում է Բուլղարիայի Հանրապետության դիրքորոշմանն այս խնդրում, ես պարոն նախագահ Ռադևին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշմանը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, ինրը ընդհանուր քաղաքականության շրջանակներում է: Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը: Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում:
Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պիտի տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի Սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Բայց այս հարցով մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում. 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում կան շատ հստակ ձևակերպումներ և լուծման տեսլականներ: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-նշել է ՀՀ նախագահը:

Please enter a valid URL