Այսօր՝ հուլիսի 11-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և իր կնոջը կապկպել են, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդեր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ և սպառնալիքների տակ նշված տան բնակիչներ՝ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Եվ իրենց ավարը վերցնելուց հետո տան տիրոջ՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով դիմել են փախուստի։