Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավորները հրահանգ են ստացել նկարելու և ցույց տալու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական իշխող մեծամասնությունը շարունակում է իր խայտառակ ու ոչ ադեկվատ գործելաոճը:

Երեկ նրանք պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրինագիծը, որը պետք է քննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նիստերի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՔՊ-ականները անակնկալի են եկել՝ իմանալով, որ հարցն այնքան է լրջացել, որ ԱԺ նիստերի օրակարգ է մտել. մինչ այդ շատ պատգամավորներ անլուրջ են համարել նախաձեռնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնարարություն են ստացել Բաղրամյան 26-ից՝ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետեւեն ԱԺ բոլոր ՔՊ-ական պատգամավորների քայլերին, ու հանկարծ չլինի մեկը, որն առանց հարգելի պատճառի բացակայի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությունից:

Ավելին՝ մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգվել է ՔՊ պատգամավորներին, ինչպես բոլոր կարեւոր քվեարկություններից առաջ, ԱԺ ընտրական գործընթացը սկսել հեռախոսի տեսանկարահանումը միացված:

Այսինքն՝ պատգամավորը միացնում է հեռախոսը, եւ վիդեո կադրում պետք է երեւա, թե ինչպես է մտնում քվեախցիկ, քվեարկում հրահանգված սցենարով, ապա ծալում այն, բերում, նետում քվեախցիկը եւ դուրս գալիս: Ողջ գործընթացի ժամանակ չպետք է հեռախոսը անջատված լինի, որպեսզի կասկածների դեպքում ֆրակցիայի ղեկավարությունը ստուգի ՔՊ-ականների քվեարկությունը:

Այսպիսով, կասկած չկա, որ ժողովրդավարության կեղծ քողի տակ ԱԺ-ն զրկվում է հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից եւ վերածվում է ՔՊ-ականների հավաքատեղիի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL