Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռուսական բանակի կորուստները հաշվարկող հետազոտության արդյունքները։
Լրագրողները փորձագետ Դմիտրի Կոբակի հետ միասին ուսումնասիրել են ժառանգության գրանցամատյանը և «Ռոսստատ»-ի տվյալները, որոնք 2022 թվականից երիտասարդ տղամարդկանց մահացության կտրուկ աճ են ցույց տվել:
«2022-ին պատերազմում զոհվել է մինչև 50 տարեկան մոտ 25 հազար մարդ, մինչև 2023-ի մայիսի 27-ը՝ մոտ 47 հազար մարդ։ Եթե հնարավորինս ճշգրիտ լինենք, ապա զոհերի թիվը կազմում է 40 հազարից մինչև 55 հազար՝ 95 տոկոս հավանականությամբ», — նշում են լրագրողները։
15 ամսվա մարտերի ընթացքում (2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի մայիսի վերջ) պատերազմում երեք անգամ ավելի շատ ռուս զինվոր է մահացել, քան խորհրդային զորքերը՝ Աֆղանստանում 10 տարվա պատերազմի ընթացքում։
Նշենք, որ Ռուսաստանի իշխանությունները հազվադեպ են հրապարակում կորուստները, անցած տարվա սեպտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսում էր 5,9 հազար զոհերի մասին։