Երևանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 10-ին, գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ օրեր առաջ Աճառյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ ավտոմեքենա էր ընկել շինարարական աշխատանքներ կատարելու համար փորված փոսը:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը Ավինյանին զեկուցեց, որ փոսը փորվել է գազի խողովակ անցկացնելու համար:
Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց, որ երեկ է այդտեղով անցել, այն մի քանի մետրանոց խորը փոս է։
«Դուք ասում եք, որ պատշաճ կահավորած է այդ վայրը: Խորը փոս է՝ մի քանի մետրանոց: Երկու բարակ լենտ է թքած-կպցրած: Դա չենք կարող պատշաճ համարել: Ես առաջարկում եմ այս շաբաթ այլևս որևէ մեկին քանդման թույլտվություն չտաք։
Պարոն Կարոյան, Ձեր վարչությունն այս շաբաթ զբաղվում է պատշաճ կահավորումն ապահովելով՝ բոլոր տեղերում, որտեղ տվել ենք քանդման թույլտվություն»,- հանձնարարեց Ավինյանը։ Նա նաև ասաց, որ նմանտիպ մի փոս էլ Ծարավ Աղբյուրում կա:
«Ինձ ուղարկել են, թե ինչպես են երեք ավտոմեքենա ընկնում այդ փոսի մեջ, ակերը տրաքում են: Նոր թույլտվություն չտաք այս շաբաթ»,- կրկին հրահանգեց փոխքաղաքապետը։