Թուրքական «Դիարբեքիր սպորտ» ֆուտբոլային ակումբը փոխել է անվանումն ու զինանշանը ՝ պատճենելով այն Հայաստանի զինանշանից։ Ակումբի նոր անվանումն է «Միջագետքի մարզական ակումբ», իսկ նոր լոգոն կրկնում է Հայաստանի զինանշանը աննշան փոփոխություններով:
Պաշտոնական հայտարարությամբ ակումբը դեռևս հանդես չի եկել, սակայն թուրքական «Այդընլըք» թերթը պարզել է, որ նոր լոգոն գրանցված է Թուրքիայի արտոնագրերի և ապրանքանիշերի բյուրոյի կայքում: Նշվում է նաև, որ ակումբի անվան և տարբերանշանի փոփոխության հայտը ներկայացվել է 2023 թվականի մայիսի 22-ին։
Սոցցանցերի օգտատերերն արդեն ցուցադրում են Հայաստանի զինանշանի և ակումբի խորհրդանշանի պատկերները՝ կոչ անելով Թուրքիայի ՆԳՆ-ին դիտարկել այդ հարցը: Ոմանք մեկնաբանություններում հարցնում են, թե ինչ կապ ունի Արարատ լեռը Դիարբեքիր քաղաքի հետ։
Այս համատեքստում թերթը մեջբերել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի զինանշանի մասին: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի զինանշանը անվերապահ սրբություն է, բայց Արարատ լեռը կամ դրա վրա պատկերված առյուծը կարող են հարցեր առաջացնել, քանի որ Արարատը գտնվում է Հայաստանի պաշտոնական տարածքից դուրս, իսկ առյուծներ այնտեղ չեն հայտնաբերվել:
Նշենք, որ առյուծը պատկերված է նաև բրիտանական զինանշանի վրա, թեև գաղութների կորստից հետո առյուծը որպես կենդանի կորցրեց բրիտանական «հպատակությունը»։ Այնուամենայնիվ, ոչ մի բրիտանացի քաղաքական գործիչ նման հայտարարություններ չի արել, էլ չասենք, որ միաեղջյուրը, որը նույնպես պատկերված է բրիտանական զինանշանի վրա, ընդհանրապես մտացածին կենդանի է: