ՀՀ ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով զինծառայողներ Կարեն Ղազարյանի և Հարություն Հովակիմյանի գերեվարմանը ադրբեջանական զինուժի կողմից։
«ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից»,-նշում է ՄԻՊ-ը։
Այս առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այդ գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
«Զինծառայողները գերեվարվել են ՀՀ ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները»,-ասված է ՄԻՊ հայտարարությունում։
Մանասյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում ՄԻՊ աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։