Search
Close this search box.

«Հայաքվե»-ի տակ ստորագրած տղամարդկանց պետք է քշել ռազմաճակատ. քաղաքագետ Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի փրկության բանալին շարունակում է մնալ ԼՂ-ում, իսկ Երևանից այն փրկելու բոլոր փորձերը միտված են ՀՀ-ում առանձին դեպքերում ժողովրդին խաբելու, անգամ տեռորի միջոցով իշխանության հասնելուն: Ըստ նրա՝ «Հայաքվե»-ի գործողությունները ևս դրա մասին են վկայում:

«Ընդդիմությունը փորձում է ժողովրդի ձեռքով պատերազմ հրահրել ու այդ պատերազմի վրա իր կեղտոտ ձեռքերը տաքացնել: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու «Հայաքվե» նախաձեռնության հաջողության դեպքում. ես չեմ կասկածում: Այսինքն՝ ՀՀ-ն պատրաստվում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: Լո՞ւրջ եք ասում, իսկ «Հայաքվե»-ի առաջնորդներն ի՞նչ էին անում 20 տարի շարունակ, ո՞ւր էին նրանք, ինչո՞ւ չէին ճանաչում Արցախը անկախ պետություն կամ Հայաստանի մաս»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ այն դրսից ներմուծված նախագիծ է. «Սա Լենին, Քեմալ, Աթաթուրք հայտնի պայմանագրի դրույթների կիրառելիության ու անբեկանելիության ցուցադրություն է և բխում է բացառապես ռուս-թուրքական շահերից: ՀՀ որևէ ղեկավար կասկածի տակ չի դրել և երբևէ չի էլ դնի Ցեղասպանության ճանաչելիության խնդիրը, սա ավելի շատ էմոցիոնալ ֆոն հաղորդելու համար է ներմուծված, որպեսզի կարողանան որքան հնարավոր է շատ ստորագրություն հավաքել»:

Մկրտչյանը կարևոր հարցադրում է անում և հրավիրում ուժային կառույցների ուշադրությունը. «Որտեղի՞ց են ֆինանսավորվում այս ուժերը, ահռելի ֆինանսական միջոցներ են ներդրվել: Սրանով պետք է զբաղվեն ՀՀ ուժային կառույցները: Համոզված եմ, որ այս նախագիծը Վլադիմիր Պուտինի շահերից է բխում, ինչպես նաև երևանյան և արցախյան դաշնակցության և որոշ այլ ուժերի, որոնք նույնպես կապված են ղարաբաղյան կլանի՝ Քոչարյան-Սարգսյան զույգի՝ «շերեփուկ» ուժերի հետ»:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ում այնքան դյուրին է հայտարարություններ անել, պատերազմ հրահրել, իսկ պատերազմի օրերին պատի տակ ծվարել: Քաղաքագետը ՀՀ անվտանգության ծառայությանը կոչ է անում «Հայաքվե» նախաձեռնության տակ ստորագրած յուրաքանչյուր տղամարդու անուն-ազգանուն խոշորացույցի տակ առնել:

«Որովհետև սա պատերազմի նախաձեռնություն է, և եթե ՀՀ սահմաններին պատերազմական գործողություններ սկսվեն, առաջինը նրանց պետք է քշել ռազմաճակատ, հերիք եղավ իրենց հարևանի, բարեկամի արյան հաշվին քաղաքական խնդիրներ լուծեն: Սա դեռ արյան հարց էլ չէ, պետության հարց է: Այս մարդիկ պետության գլխին «դամոկլյան սուր» են կախել, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը իր «Հայաստան» դաշինքով, կամ Սերժ Սարգսյանն իր «Պատիվ ունեմ» դաշինքով չեն բերում այս նախաձեռնությունը խորհրդարան»,- ասում է նա:

Հարություն Մկրտչյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չտրվել սադրանքներին ու չգնալ քվեարկության:

«Բայց եթե ինչ-որ մի պահի սրանց հաջողվի 50 հազար քվեյով գնալ խորհրդարան, այնուհետև գնալ 300 հազար ստորագրություն հավաքելու ճանապարհով ու դնել հանրաքվեի, ապա միանշանակ իշխանությունը պետք է քայլ առաջ անի, նախաձեռնի այդ հանրաքվեն ու բաց խոսի հասարակության հետ, որ այդ տարբերակը պատերազմի տարբերակն է, իսկ իրենց առաջարկածը՝ խաղաղության»,- ասում է նա՝ հավելելով. «Կարելի է դիտարկել նաև խորհրդարանը ցրելու տարբերակը, որովհետև այս ուժերը չեն ծառայում ՀՀ շահերին, այլ՝ բացառապես օտարի, և նրանց քայլերը միտված են երկիրը ներսից քանդելուն»:

Please enter a valid URL