Ալկոհոլային խմիչքների ներմուծաման գործում մասնագիտացած Սարգիս-Կարոլինա ընկերության սեփականատեր Երևանդ Թարվերդյանը, ով համատեղության կարգով Միացյալ Հայաստան կուսակցության սեփականատերն է, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից հայտարարում էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և Երևանի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին:
Թարվերդյանը մի գործով էլ է ձեռքի հետ զբաղվում. բիզնես դասընթացներ էր անցկացնում սկսնակ բիզնեսմենների համար: Մենք այդ դասընթացներին չենք մասնակցել, բայց դատելով նրա քաղաքական գործունեության հետագծից, կարելի է ասել, որ նա տնտեսական և քաղաքական բիզնեսը շատ հաջող համատեղելու իր փորձն փոխանցել է սկսնակներին:
Եթե Թարվերդյանը մի փոքր ավելի անկեղծ լիներ, կարող էր ընտրել «Տնտեսության մեջ հաջողակ լինելու համար պետք է մշտապես ծառայել գործող իշխանությանը» կարգախոսը:
Թարվերդյանը հսկայական միջոցներ է ծախսում մամուլի և քարոզչության վրա: Նրան ու իր կուսակցության աշխատակիցներին, մշտապես կարելի է տեսնել տարբեր կայքերի էջերին: Նրանք հարցազրույցներ են տալիս, տեսակետներ հայտնում ամենատարբեր հարցերի վերաբերյալ:
Անփորձ մեկը լսելով այդ հարցազրույցները՝ կարող է մտածել, որ Թարվերդյանն ու իր կուսակցական աշխատակիցներն ընդդիմությանն են քննադատում, անհամաձայնություն են հայտնում իշխանության հետ:
Նրանց թվում է, թե միայն իրենք գիտեն, որ իշխանությանը կարելի է ծառայել՝ իշխանությանը քննադատելով: Թարվերդյանին թվում է, որ իր այդ ճարպիկ գործելաոճը կարելի է սղացնել որպես ընդդիմադիր գործունեություն, այսպես ասած՝ մարդկանց ականջներին մակարոն կախել: Միայն թե բոլորի ականջները չէ, որ ազատ են Թրվերդյանի հրուշակեղենի տարբեր պատրաստուկների համար:
Իշխանությունը տարբեր մարդկանց տարբեր կերպ է ստիպում կամ շահագրգռում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և ձայն փախցնել. մեկին փող են տալիս, մյուսին սպառնում են կտրել փողի աղբյուրից, մյուսին հնարավորություն են ապահովում ավելի շատ փող աշխատել:
Թարվերդյանին պետք չէ, որ իշխանությունը իրեն մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազար դոլար տա, որ ինքը մասնակցի ձայն փախցնելու համաերևանյան մրցավազքին, իրեն պետք է, որ չխանգարեն փող աշխատել, ինքն իր աշխատած փողի մի մասը սիրահոժար կծախսի իշխանության նպատակների իրագործման համար:
Ասել, որ Երվանդ Թարվերդյանը ստիպված է կուսակցություն պահում, կամ մասնակցում ընտրությունների, այնքան էլ ճիշտ չի լինի, նա դա անում է հաճույքով, քանի որ դրա դիմաց կարող է ստանալ որոշակի բոնուսներ իշխանության բարեհաճ վերաբերմունքի տեսքով, իսկ դա արդեն հաճելի է:
Որ Երվանդ Թարվերդյանը կեղծ ու իշխանության կողմից քաղաքական դաշտում արհեստականորեն սածիլ արված, բայց այդպես էլ արմատներ չտվող և չզարգացող տեսակ է, ինչպես ցանկացած արհեստածին գոյացություն, կարելի է պարզել նրա մի քանի հրապարակային հայտարարություններից:
Օրինակ, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին նշանակեց փոխվարչապետ, Թարվերդյանը միանգամից դա համարեց վերջին չորս տարիների ընթացքում արված լավագույն կադրային նշանակումը․ «Անձամբ շնորհակալություն եմ հայտնում թե՛ վարչապետին, թե՛ նախագահին՝ ճիշտ որոշման համար։ Տիգրան Խաչատրյանին շատ վաղուց ճանաչում եմ անձամբ և բազմիցս շեշտել եմ, որ նա պրոֆեսիոնալ է, ունի տնտեսական ոլորում բարձր պաշտոն ղեկավարելու փորձ, մասնավորապես՝ բավական երկար աշխատել է Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում և նաև երկարատև փորձ ունի գործադիր իշխանությունում։ Խաչատրյանը բացառիկ պրոֆեսիոնալներից և Հանրապետության լավագույն մասնագետներից մեկն է։ Ինքս 24 ժամ պատրաստ եմ թե՛ իմ փորձով, թե՛ գիտելիքներով աջակցել նրան»:
Երբ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Փաշինյանին և նրան կից գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին մեղադրում են հայրենիքի դավաճանության, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի սահմանները անպաշտպան թողնելու և թշնամուն տարածքային զիջումներ անելու մեջ, Թարվերդյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և պատրաստակամություն հայտնում օր ու գիժեր`24 ժամ աջակցել այդ կառավարությանը, դա արդեն տվյալ անձի քաղաքական դիրքորոշման հստակ ցուցիչ է: Կարևոր է նաև, որ Թարվերդյանն այդ հայտարարությունն անում է Փաշինյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող Հայկական ժամանակի կայքով, որ շնորհակալությունը տեղ հասնի:
Ամենայն հավանականությամբ Թարվերդյանի այս ուղերձն անհետևանք չի մնացել, և Փաշինյանն ու ընտանքիը հնարավորություն են տվել Թարվերդյանին աջակցելու իրենց, ինչի ականատեսն ենք մենք:
Մարդն ամեն անգամ, երբ հերթական նողկալի տեսարանի ականատեսն է լինում, մտածում է, թե սա իր գարշելիությամբ վերջն է, բայց ցավոք նորից մարդը հայտնաբերում է , որ մարդկային ցինզմն ու անսկզբունքայնությունը սահմաններ չեն ճանաչում:
ՀԳ. Մենք սկսել ենք շարք՝ դրոն կուսակցությունների մասին, փորձելով հերթով բացահայտել դրանց գործունեության շարժառիթները, և թե դրանցից յուրաքանչյուրը ինչի համար է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին և ինչ է ստանալու դրա դիմաց:
ArmLife.am