Ռուսաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Հենց այս պահանջով էլ օրեր առաջ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ստեփանակերտը պահանջում է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:
«Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, աշխարհը թքած ունի։ Ոչ մի տեղ գրված չէ, որ այդ հսկիչ կետերը պետք է տեղադրվեն Լաչինի միջանցքում, որ պետք է միջանցքը փակվի։ Չկա գրված նաև, որ Արցախը պետք է կողպվի և ենթարկվի կտտանքների։ Հայտարարությունում նման կետեր չկան, հետևաբար, ՌԴ-ն պետք է կատարի իր պարտավորությունները, ոչ թե մեզ խցկեն Ադրբեջանի կազմ», — ասել է Արցախի նախագահի խորհրդականը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ երկխոսության, այն դեպքում, երբ իրենց հաղթող կողմ են զգում և հայությանն էլ արհամարհանքով վերաբերվում։
«Իրենց եղանակի տեսությամբ Երևանն էլ են ներկայացնում որպես Ադրբեջան, հասել ենք սրանք։ Իսկ ժամանակին Հեյդար Ալիևն Արցախի իշխանություններին պաշտոնապես էր դիմում՝ գրում էր Արցախի Հանրապետություն»,-հիշեցրել է նա։
Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Արցախում տարբեր գործիչների կողմից հակասական կարծիքներ են շրջանառվում։
Իսկ ինչ վերաբերվում է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ երկխոսեն, Բաբայանն արձագանքեց․
«Ինչի՞ մասին պետք է երկխոսենք՝ ո՞նց ենք միանում իրենց, ի՞նչ են մեզ թույլ տալիս։ Հիմա, եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ կարելի է դա անել, պրակտիկան հակառակն է ցույց տալու։ 1996-1997 թվականներին մեզ հետ չէին ուզում նստել ու բանակցել, հիմա են բանակցելո՞ւ։ Նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը գնա և Բաքվի հետ բանակցի, վայրկենական հասկանալու է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Միգուցե պարոն Բաբայանը մտածում է այս ծանր վիճակից ինչ-որ կերպ հանել Արցախը թեկուզ երկխոսության միջոցով, բայց անձամբ ես մտածում եմ, որ դա հնարավոր չէ»: