Search
Close this search box.

Սպառազինության գնումներն ու Երեւանի երթուղային ցանցը՝ ապաշնորհության ապացույց. «Հրապարակ»

Հայաստանի թավշյա պաշտոնյաները չեն լսել «Իմ լեզուն իմ թշնամին է» դարերով ապացուցված միտքը ու պարբերաբար խոստովանում են, որ ապաշնորհ են: Վերջին օրերին թավշյաները շատ են խոսում իրենց օրոք գնված զենքի ծավալից ու Երեւանում ներքաղաքային ուղեւորափոխադրումներից: Երկու հարթությունում էլ փառավորապես տապալվել են, ինչպես ցանկացած այլ հարցում:

Սպառազինություն

Տարբեր թավշյաներ տարբեր առիթներով հայտարարում են, որ 2008-2018 ժամանակահատվածում՝ 10 տարում, Հայաստանը գնել է 345 միլիարդ դրամի զենք, իսկ 2018-2020 ժամանակահատվածում՝ 3 տարում՝ 609 միլիարդ դրամի զենք: «Քանակ-որակ» հարթությունում անգամ մակերեսային վերլուծությունը ի ցույց է դնում թավշյաների ապաշնորհությունը: Նախաթավշյա Հայաստանը, անգամ քիչ զենքով, չէր պարտվում, թավշյա Հայաստանը, իր շատ զենքով՝ պարտվել է: Թավշյաների ասածից հետեւում է, որ առկա ռեսուրսը ճիշտ չի օգտագործվել: Հենց թավշյաներն են խոստովանել, որ իրենց գնած ռազմական ինքնաթիռները սպառազինություն, զինամթերք չունեին, խաղալիք էին, պիտանի միայն օդից հարսանիք նկարահանելու համար: Փաստորեն այլ գնումներ էլ այս տրամաբանության մեջ են եղել ու քանակը որակ չի ապահովել: Պետք է եղել մեկ մեծ շերեփ, թավշյաները գնել են հազար հատ աղամանի գդալ ու քանակական աճը չի բերել որակական զարգացման, դեռ մի բան էլ հետընթաց ենք ունեցել ու պարտվել:

Երեւանի երթուղային ցանց

Տարբեր թավշյաներ տարբեր առիթներով հայտարարում են, որ Երեւանի համար հարյուրավոր ավտոբուսներ են ներկրել: Իսկ որ Երեւանը մայրաքաղաքին վայել երթուղային ցանց դեռ չունի՝ տեսնում են բոլորը: Ու էլի առկա ռեսուրսը ճիշտ չի օգտագործվում: Միայն մեկ փաստ. Երեւանի հարավ-արեւմտյան թաղամասը (ՀԱԹ) Նորքի զանգվածներին կապող 7 (յոթ) երթուղի կա՝ 3, 23, 26, 35, 44, 52, 53: Սրանց մի մասը իրար կրկնում են 70-80 տոկոսով: Օրինակ 3-ը եւ 52-ը կամ 23-ը եւ 26-ը: Թիվ 3, 23, 52 երթուղիները ՀԱԹ-ից Նորքի զանգվածներ են գնում Զեյթունով, բայց թավշյաները մի հատ էլ ՀԱԹ-Զեյթուն երթուղի են բացել՝ թիվ 40: Նշված յոթ երթուղին ՀԱԹ տարբեր փողոցներով հասնում են Նորքի տարբեր զանգվածներ: Հասարակական տրանսպորտը որոշակի տարածքից որոշակի տարածք հասնելու համար է, հստակ կետից հստակ կետ տաքսով են գնում: Տոկիոյում, Մոսկվայում, այլ խոշոր քաղաքներում նորմալ է, երբ տրանսպորտի (նաեւ մետրոյի) կանգառից տուն կամ աշխատավայր ես հասնում մինչեւ 500 մետր քայլելուց հետո: Երեւանում կարող է լինել 200 մետր ու այս յոթի փոխարեն ընդամենը երկու երթուղի կարող է սպասարկել ՀԱԹ-Նորքի զանգված ողջ ուղեւորահոսքը: Մեկը թող գնա ՀԱԹ-Լեինինգրադյան-Կիեւյան-Կոմիտաս-Զեյթուն-Նորքի զանգված երթուղով, մյուսը՝ կենտրոնով՝ ՀԱԹ-Իսակով-Մաշտոց-Աբովյան-Մյասնիկյան-Նորքի զանգված: Յոթ երթուղու ավտոբուսներով կաշխատի երկու երթուղի եւ ճիշտ չվացուցակի եւ նորմալ աշխատանքի դեպքում խնդիրներ չեն լինի: Սա եզակի դեպք չէ: 70-80 տոկոսով իրար կրկնող երթուղիներ Երեւանում շատ կան:

Այլ օրինակ: Նախաթավշյա Երեւանից «մեզ է հասել» մետրոյի «Երիտասարդական» կայարանից «Զվարթնոց» օդանավակայան տանող թիվ 201 երթուղին՝ 20-22 տեղանոց հարմարավետ միկրոավտոբուսներ: Երթուղին ծանրաբեռնված կամ գերծանրաբեռնված չէ, բայց թավշյաները բացել են թիվ 100՝ օպերայի մատույցներից Զվարթնոց» օդանավակայան երթուղին, որը կրկնում է գործող 201-ին՝ 99 տոկոսով: 
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այսօր Երեւանում կա անհրաժեշտ քանակից ավելի ավտոբուս: Հարցի լուծումը «Քանակ-որակ» ճիշտ կառուցվածքն է, որ չի հաջողվում թավշյաներին:

Please enter a valid URL