Search
Close this search box.

Հաղթանակի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը

3 օր առաջ՝ հուլիսի 3-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի բնակիչները բողոքի ակցիա իրականացնելով ՝մոտ 15 րոպե փակել են իրենց գյուղով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը։ Նրանք դժգոհ են այն բանից, որ իրենց համագյուղացի Վահրամ Շարոյանը հունիսի 21-ին ազատվել է Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնից։

Վ․ Շարոյանը 2012թ․-ին ընտրվել է Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար, 2016-ից, համայնքների խոշորացումից հետո, նշանակվել է Հաղթանակի վարչական ղեկավար։

Նրան աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ 1000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները պարտադիր պետք է ունենան բարձրագույն կրթություն, իսկ Վահրամ Շարոյանը ներկայումս սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 3-րդ կուրսում։ Ճանապարհ փակած հաղթանակցիների հետ հանդիպման է գնացել Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, ով հաղթանակցիներին հայտնել է, որ իրենք դժգոհություն չունեն Վահրամ Շարոյանի աշխատանքից։

Համագյուղացիների սերն ու հարգանքը վայելող Վ․ Շարոյանը տեղյակ չի եղել համագյուղացիների ակցիայից, նա այդ օրը գործերով եղել է Վանաձորում։ Նա հետո Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել համագյուղացիներին։

Վահրամ Շարոյանի ընտանիքը հերոսական պատմություն ունի։ Վահրամի հայրը՝ Գարեգին Շարոյանը եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատար, զոհվել է 1992թ․ սեպտեմբերի 22-ին Արցախում, Վաղուհասի դիրքերում, հետմահու արժանացել է կապիտանի կոչման և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։․ Վահրամի եղբայրը՝ ավագ լեյտենանտ Վահագն Շարոյանը զոհվել է 2002թ․ նոյեմբերի 11-ին, Կոթի գյուղի մարտական հենակետերից մեկում, մարտական խնդիր կատարելիս:

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL