Ադրբեջանը Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն։Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անհիմն է համարում ականապտման հարցերով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները։
«Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր իրականացվում են ակազերծման լայնածավալ աշխատանքներ։ Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարման գործոն»,- ընդգծեց Փաշինյանը։