Search
Close this search box.

«Հայաստան» խմբակցությունը միացավ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը: Այսօր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ միանսյանն այցելել են Կենտրոն վարչական շրջանի նստավայր, որտեղ գտնվում է «Հայաքվեի» ստորագրահավաքի կետերից մեկը:

Ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Հայաքվեի» այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է, որովհետեւ այստեղ նշված են այն բոլոր կարեւոր կարմիր գծերը, որոնք, ըստ էության, եւ ընդդիմության, եւ «Հայաստան» դաշինքի բոլոր քաղաքական ուժերի, եւ «Հայաստան» խմբակցության կարմիր գծերն են:

Մենք դարեր ի վեր Արցախը տեսել ենք հայկական, պայքարել ենք առաջին պատերազմի ժամանակ Արցախի անկախության համար: Մենք չենք կարող Արցախի ժողովրդին թողնել միայնակ: Արցախը տասնյակ տարիներ եղել է Հայաստանի սահմանապահը, իր վրա է վերցրել բոլոր ծանրությունները: Այսօր Արցախը շրջափակման մեջ է եւ Արցախի հեռանկարը ինքնորոշման մեջ է: Նա պետք է լինի անկախ եւ մենք պարտավոր ենք այդ աջակցությունը ցուցաբերել»,-ասաց Օհանյանը բոլորին կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:

Նրա խոսքով, այս ստորագրահավաքից հետո համապատասխան նախաձեռնություն պետք է լինի ԱԺ-ում, որը պետք է առաջ մղել. «Եթե իշխանությանը նայենք, իրենք փորձելու են ինչ-որ արգելքներ դնել այս նախաձեռնության առջեւ: Այս 2,5 տարիներին ընդդիմության բոլոր նախաձեռնությունները՝ վերաբերող Արցախին, մեր անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, իրենք մերժել են: Հիմա էլ տեսնում ենք, որ համացանցում իրենց կողմնակիցներին ցուցումներ են տալիս, որ ստորագրահավաքին չմիանան»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը;

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ «Հայաքվեն» պատերազմի սպառնալիք է բերում, Սեյրան Օհանյանն ասաց. «Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք: Այդ դեպքում յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մեր միասնությանը, անվտանգության համակարգի ձեւավորմանը, բանակի վերականգնմանը, կարող է այսօրվա իշխանությունն ասել, որ դրանք էլ են սպառնալիք: Իշխանությունը կեղծ տեղեկություններ է տարածում, որ ընդդիմությունը սա նախաձձեռնել է, որ լինի պատերազմ, պատերազմից հետո ժողովուրդը ոտքի կանգնի եւ իրենք գան իշխանության: Այստեղ իշխանության պայքար չի գնում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ դրանք բոլորը կեղծ օրակարգեր են:

Իր հերթին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Հայաքվեի» նախաձեռնությամբ մեր ժողովուրդը միջազգային հանրության առջեւ միասնական պահանջ է դնում, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում, եւ չի կարողց Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվել, մենք միակամ ենք այս հարցում»:

Նա նշեց, որ գործող Սահմանադրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն 50 հազար ստորագրությամբ օրենքի նախագիծ առաջադրելու. «Օրենքը նախատեսում է, որ 50 հազար ստորագրությամբ նախագիծը ներկայացվում է ԱԺ: Եթե ԱԺ-ն չի ընդունում այդ նախագիծը, եւս 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում, պարտադիր անցնում է հանրաքվեի: Այլ կերպ ասած, այս 50 հազար ստորագրություն հավաքելն անհրաժեշտ փուլ է հանրաքվեի տանելու այս նախաձեռնությունը: Երկրորդ կարեւոր հնարավորությունն էլ կա, որ Սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ կարող է լինել 200 հազար ստորագրություն, որ ուղղակի հանրաքվեով ընդունվեն այս կամ այն փոփոխությունները»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով իշխանությունների դիրքորոշմանը, նա նշեց. «Տեսեք, թե ինչ այլանդակ քարոզչություն են տանում, թե իբր այս նախաձեռնությունը կբերի պատերազմի, չկա այդպիսի բան: Ես պնդում եմ հակառակը, այս նախաձեռնության հաջողությունը բերելու է նաեւ միջազգային հանրության կողմից Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերի ավելի ամրացման: Երկրորդը, զսպելու է Ադրբեջանին ու Թուրքիային, որ հայ ժողովրդի միասնական կամքն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Հայոց ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել»:

Please enter a valid URL