Search
Close this search box.

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։

Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։

Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և հետ նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։

Բացի այդ էլ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․

-եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչու՞ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել․

– եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար,

– Արեգասարի բարունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։

Որպեսզի հանկարծ ավելորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։

Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թնամուն։

Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է ըստ ենթակայության։

Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար։

Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա ակնհայտ է, որ դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։

Հենց դրա համար էլ դատարանին միջնորդել ենք հչապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու են ինձ նման շինծու մեղադրանքներ առաջադրվել։

Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել ևս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։

Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները։

Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել Հայրենիքս պաշտպանելու համար»։

Please enter a valid URL