Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:
Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը դժգոհել էր իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որ Էրիկ Իսրայելյանը ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:
Ավելի վաղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»: