Search
Close this search box.

Արցախի նախագահի խնդրանքով է Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել Պուտինի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:

«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ: Հանրապետության նախագահը վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

Please enter a valid URL