Search
Close this search box.

Ոչ զեղջ է հասնում, ոչ էլ զուգարանի թուղթ. այն, ինչ կատարվում է ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում` ասել է, թե մայր բուհում, ամեն անգամ փողի ու ծախսերի հետ կապված մի խայտառակ դրվագ է ջրի երես դուրս գալիս: Օրեր առաջ մայր բուհի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել` նախապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացելով «Զուգարանի թղթի բարեգործական հավաք ԵՊՀ-ի համար» էջը: Նախաձեռնության հեղինակներն այս քայլով իրենց դժգոհությունն էին հայտնում, որ բուհի զուգարաններում զուգարանի թղթեր չկան: Նրանք մասնավորապես գրել էին. «Հարգելի ԵՊՀ ուսանողներ, ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպում է զուգարանի թղթերի բարեգործական հավաք, քանի որ ուսանողների վարձավճարները բավարար չեն ուսանողի համար տարրական հիգիենիկ միջավայրի ստեղծման համար: Խնդրով մտահոգ ուսանողները կարող են պետական համալսարանի գրադարանի բակում իրենց ներդրումն ունենալ զուգարանի թղթեր բերելով, որ կարող եք թողնել ԵՊՀ գրադարանի դիմաց դրված արկղի մեջ»,- ասված էր հայտարարության մեջ։
Ինչպես ասում են երիտասարդներն անդրդվելի էին, հայտարարեցին ու արեցին` բերելով ոչ միայն թղթի հսկայական պաշարներ, այլև դրանցով զարդարեցին ԵՊՀ-ի շրջակայքն ու սրահները: Առաջին հայացքից թվում է աննշան մի խնդիր է, բայց իրականում լուրջ ահազանգ է սա, ինչ խոսում է ԵՊՀ-ում բարձիթող վիճակի մասին:

Եթե ԵՊՀ-ն իսկապես միջոցներ չունի, ապա ինչպե՞ս է կարողանում ամեն տարի կլորիկ գումարներ հատկացնել հայտնի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին», որի ղեկավարը վաղուց իր երտասարդությունն ապրած, բոլորիս քաջ հայտնի ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն է: Եվ ահա Երևանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը միջինում 100 մլն դրամ է կազմում, սակայն նույն ԵՊՀ-ն իր ուսանողի համար, պարզվում է` զուգարանի թուղթ չի ապահովում, մինչդեռ նույնիսկ գազի լիցքավորման կետերի տերերը, որ չունեն ոչ մի գիտական կոչում, ի տարբերություն ԵՊՀ ռեկտորի, գիտակցում են, որ իրենց տարածքում զուգարանին թուղթը ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտություն: ԵՊՀ ռեկտորը, չգիտես ինչու, չի սիրում իր բուհի երիտասարդ ուսանողներին, որոնց տված վարձավճարներով է նաև ինքն իրեն լավ զգում, փոխարենը Արամ Սիմոնյանն անմնացորդ նվիրված է Կարեն Ավագյանի երիտասարդներին: Նույն Արամ Սիմոնյանն անգամ չսիրեց իր բուհի այն տղաներին, ովքեր քառօրյա պատերազմի միջով անցան ու հետ վերադարձան, բայց մայր բուհի ռեկտորը որոշեց` այդ տղաներին վարձավճարի ոչ մի զիջում՝ հետո ինչ, որ մարտական հերթապահություն են իրականացրել, լավ չեն սովորում, ուրեմն դրանց ոչ զեղջ է հասնում, ոչ էլ զուգարանի թուղթ:

ArmLife.am

 

Please enter a valid URL