Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ» (չակերտները՝ Tert.am):
Հիշեցնենք, որ հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:
Զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։