«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով առավել հայտնի է «շիշ բռնող» մականվամբ, յութուբյան իր ալիքում, «Արզնի» օդանավակայանից մոտ մեկ ամիս առաջ հրապարակել է մի տեսանյութ»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Լրատվամիջոցի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Պատգամավորի հրապարակած տեսանյութում երևում է ողջ օդանավակայանը, ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 5-ի Կառավարության նիստում գործադիրը փոխեց «Արզնի»-ի օդանավակայանի մասին որոշումը, որն ընդունվել էր 4 տարի առաջ: Եթե 2018 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանն ընդգրկվել էր քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, այսինքն` պետք է ծառայեր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օդանավերին, ապա 2022 թվականի ընդունված որոշմամբ այս օդանավակայանը ծառայում է միայն ռազմական նպատակով։
Պաշտպանության նախարարությունը, ՔՊ-ականները թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո բազմիցս մեղադրել են ընդդիմադիրներին, լրատվամիջոցներին, Զինված ուժերի մասին տեղեկատվություն տարածելու համար, որ թշնամուն գաղտնի տվյալներ են հաղորդում` ակամայից: Սակայն Հայկ Սարգսյանի էջում տեղադրված այս տեսանյութին նորմալ են վերաբերվում` կարելի է ռազմական օդանավակայան եւ օդանավներ նկարել, գցել Յութուբ:
Հարց է առաջանում, ո՞վ է թույլ տվել Հայկ Սարգսյանին, որ նման կադրեր տարածի: Եւ ինչպես կարող է պատգամավորի կարգավիճակ ունեցող մարդը չհասկանա, որ նման բան անել չի կարելի»: