Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիմա պատկերացնու՞մ եք, եթե Ռուսաստանի դեսպանը լիներ հայտարարած, թե հավատում են՝ Արցախի հայերը Ադրբեջանի ենթակայության տակ կապրեն պաշտպանված եւ անվտանգ: Եվ իհարկե այդ դեպքում սուր արձագանքը կլիներ միանգամայն հիմնավոր ու անհրաժեշտ, ինչպես հիմնավոր ու անհրաժեշտ է Ռուսաստանի պարտավորությունների մեղմ ասած թերակատարման վերաբերյալ արձագանքը:
Բայց, Ադրբեջանի կազմում Արցախխի հայության պաշտպանվածության հույս հայտնել է ԱՄՆ դեսպանը, ու հիմնականում լռություն է:
Որեւէ հիստերիայի, ապոկալիպտիկ աղմուկի, մազեր պոկելու անհրաժեշտություն չկա, քավ լիցի: Դեսպանը ընդամենն արտահայտում է իր երկրի քաղաքական պատկերացումների շրջանակում առկա «հավատ», ոչ ավելի: Իսկ այդ քաղաքականությունը այսօր բավականին պարզ է: Վերջին հաշվով, եթե վաղը Հայաստանը կարողանա փոխել իրավիճակ, ձեււավորել նոր իրողություն, ապա նույն ԱՄՆ դեսպանը կարող է անել բոլորովին այլ հայտարարություններ:
Պարզապես, օրինակը բերեցի, ցույց տալու համար, թե որքան պարալիզացված է Հայաստանում մտածողական դաշտը, որքան «կաղապարված» են այդ դաշտի ռեակցիաները, բեվեռացված՝ ըստ կոնյուկտուրայի, ընդ որում նույնիսկ ոչ հայկական կոնյուկտուրայի: Ու դրանով իսկ մեր հանրային ռեակցիաները դառնում են բացարձակ արժեզրկված, նշանակություն ու իմաստ կորցրած: