Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02:
Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվի նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:
Հերթագրվել կարելի է migration.e-gov.am կայքի միջոցով: Հաջորդիվ էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մնացած անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով»։