«Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով»։ Այս մասին գրում է «Հետքը»:
«Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել։
Գյուլագարակից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 4 առանձին շինություն կա։ Անհատական քոթեջներ են, որոնք օրավարձով տրվում են հանգստացողների։ Գյուլագարակում գրեթե բոլորը գիտեն, որ քոթեջները տարիներ առաջ կառուցել է համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, և դրանք փաստացի պատկանում են նրան։
Այսօր է միայն պարզվել, որ տնակները կառուցվել են համայնքային հողի վրա, ապօրինի և այն ժամանակ, երբ Գյուլագարակ համայնքը ղեկավարում էր նույն Խաչիկ Վարդանյանը։ Վարդանյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով համայնքային գույքի նկատմամբ, չի կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ավելին, զավթել է համայնքային հողամասը։ Դրա վրա, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, որոնք կրկին համայնքի ղեկավարն է տալիս, կառուցապատում է իրականացրել»։
«ՀՎԿ-ից՝ ՀՀԿ, ՀՀԿ-ից՝ ՔՊ․ իշխանության վերադառնալու կարճ ճանապարհը»
Խաչիկ Վարդանյանը 20 տարի անտառտնտեսությունում աշխատելուց հետո՝ 2016 թ․-ին, անդամակցելով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը (նախկին ՕԵԿ), ընտրվել է Գյուլագարակ գյուղական համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը երկար չի զբաղեցրել։ 2017 թ․-ին հարակից գյուղերը միավորվում են Գյուլագարակի հետ, և արտահերթ ընտրություններ անցկացվում։ Խաչիկ Վարդանյանը լքում է ՀՎԿ-ն և անդամակցում ՀՀԿ-ին՝ ընտրապայքարի մեջ մտնում Կուրթանի երկարամյա գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Գևորգյանի հետ։ Վարդանյանը պարտվում է։ 2021 թ․-ի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ իշխանությունների ճնշումներից հետո, Մհեր Գևորգյանը հրաժարական տվեց։ Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ Խաչիկ Վարդանյանը վերադարձավ Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնին՝ նշանակվելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո Խաչիկ Վարդանյանը, արդեն որպես «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ, գլխավորեց ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը։ ՔՊ-ի հաղթանակից հետո՝ 2022 թ․-ից, Վարդանյանը Գյուլագարակ համայնքի ղեկավարն է։
Ապօրինի կառուցապատում՝ համայնքային հողում
Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 2017 թ․-ի օգոստոս ամսին մասնակի կառուցված է 4 քոթեջ։ Այսինքն՝ շինարարությունը սկսվել է մինչ օգոստոս ամիսը։ Ամիսներ անց Գյուլագարակ խորոշացված համայնքի արտահերթ ընտրություներն էին։ Քոթեջները կառուցվել են ընտրություններից առաջ, իսկ ընտրություններում Խաչիկ Վարդանյանը պարտվեց։
Հաջորդ համայնքապետ Մհեր Գևորգյանը միայն 2 տարի անց է զբաղվել համայնքային հողում ապօրինի կառուցված շինություններով և բավարարվել է 400 հազար դրամ տուգանելով։ Վարչական ակտը Խաչիկ Վարդանյանի ազգականը վիճարկել է դատարանում և կարողացել է այն չեղարկու մասին որոշում ստանալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։