Search
Close this search box.

Նախագահը չի պատրաստվում մարիոնետ լինել. Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է քննադատություններին, որ Ելքի պատգամավորները հանդիպեցին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, եղան գրկախառնություններ: Նա ասաց, որ ոչինչ հանրությունից գաղտնի չեն պահել:
«Մենք ասել ենք, թե ինչ հարցեր ենք դրել Արմեն Սարգսյանի առաջ և չենք ասել թե ինչ է ինքը պատասխանել մի պարզ պատճառով՝ մենք Արմեն Սարգսյանի խոսնակը չենք: Ինքը դուրս է եկել, և մոտավորապես նույն հարցերը դուք եք տվել իրեն»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե Արմեն Սարգսյանը՝ որպես նախագահ, կկարողանա՞ որևէ բան փոխել երկրում այն դեպքում, երբ մեծ լիազորություններ են տրվում ապագա վարչապետին, ով ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն է, Փաշինյանը պատասխանեց, որ նախագահի լիազորություններն արարողակարգային են լինելու:
«Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ինքն այնպիսի հայտարարություններ է անում, որից կարելի է ենթադրել, որ ինքն ասում է, որ չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում: Եվ այդպիսի շեշտադրումներ արվել է նաև մեզ հետ հանդիպման ընթացքում: Իսկ թե ինչպիսին կլինի իրականությունը, կապրենք, կտեսնենք»:
Նա հավելեց, որ այդ փոփոխություններով երկրում տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ: Եվ սա ըստ էության լուրջ վտանգներ է ստեղծում ՀՀ հետագա քաղաքական իրավիճակի համար:
Հարցին, թե արդյո՞ք նոր բան է տեղի ունեցել հիմա, ինչո՞ւ սահմանադրական փոփոխությոունների փուլում չէին պայքարում այս ամենի դեմ, Փաշինյանը պատասխանեց, որ այս սցենարը կանխատեսելի էր: «Այն, ինչ այն ժամանակ ասում էի Սահմանադրության վերաբերյալ, ասում եմ նաև հիմա: Ընդհանրապես, կարծում եմ լավ կլինի, որ երբ երկու կամ երեք տարի առաջվա տեքստերին հղում է արվում, նաև մեկ-մեկ ծանոթանալ դրանց բովանդակությանը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանշը հավելեց, որ այն ժամանակ ինքը հետևյալն էր ասում՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված չէ Սահմանադրությունից: Դա կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի:
«Ես այն ժամանակ ասել եմ՝ այո, Սերժ Սագսյանի վերարտադրության խնդիրը կա, բայց այդ վերարտադրության խնդիրը հիմա չի լուծվելու, դա լուծվելու է 2018 թվականի ապրիլին: Հիմա քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է այդ վերարտադրության դեմ պայքարել: Սրանից է կախված մնացած ամեն ինչ»,- նշեց նա:
Փաշինյանը հավելեց, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն իրենք նրա ուշադրությունն են հրավիրել հետևյալ իրավիճակի վրա.
«Ապրիլի 9-31-ը հանրապետության նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը, և այդ ժամանակաշրջանում կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, իսկ Սերժ Սարգսյանն արդեն լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի միակ գործող կարգավիճակն այդ շրջանում լինելու է ՀՀԿ նախագահը: Եթե ենթադրենք, որ եթե այդ ժամանակաշրջանում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում են ընդդեմ ՀՀ ադրբեջանացման՝ ի դեմս Սերժ Սերգսյանի վերարտադրության, գործող նախագահի կարգավիճակն ու դիրքորոշումներն այդ իրավիճակում շատ կարևոր կարող են լինել»:

Please enter a valid URL