Հայաստանի կառավարությունը փորձում է քրեականացնել «հարկադիր դավանափոխությունը»՝ մի քանի անհաջող փորձերից հետո: Նման փորձ արվել էր դեռ 2011 թվականին՝ սահմանելով «հոգեորսություն» եզրույթը: Դա, սակայն, չընդունվեց թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե կրոնական կազմակերպությունների ու իրավապաշտպանների, ու կառավարությունը նահանջեց այդ մտքից:
Այժմ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկում է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար՝ դա սահմանելով հետևյալ կերպ. «դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը նյութական կամ սոցիալական առավելության տրամադրելով կամ խոստանալով, կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով կամ դրանց գործադրման սպառնալիքով, կամ խաբեությամբ կամ անձի կախվածությունը օգտագործելով, ինչպես նաև կրոնական ուսմունքների ու դավանանքի հանդեպ դիտավորությամբ ատելություն սերմանելով»:
Օրինագծում առկա ինտրիգն այն է, որ հեղինակ ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգիռ կողմերին հավաստիացրել է, թե այն վերաբերելու է նաև Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ): Ի դեպ, դա նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պահանջն է:
Այդ դեպքում, սակայն, Առաքելական եկեղեցին այևս չի կարողանա բանակում զինվորներին ստիպել «դարձի գալ» և մկրտվել որպես առաքելական, ինչի մասին բազմիցս գրվել է մամուլում, կամ էլ քարոզչություն իրականացնել դպրոցներում ու «բացահայտել» ոչ առաքելական երեխաներին:
Ի դեպ՝ սույն օրինագծով նաև պահանջվում է, որ կրոնական կազմակերպությունները մանրակրկիտ ֆինանսական հաշվետվություն հրապարակեն կառավարության պաշտոնական կայքում ամեն տարի, ինչը Առաքելական եկեղեցին չի անում, և ինչի անհրաժեշտության մասին վաղուց բարձրաձայնում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Թեև հեղինակները պնդում են, թե այն վերաբերելու է նաև Առաքելական եկեղեցուն, օրենսդրական փաթեթը ՀԱԵ-ին վերաբերելու է այնքան, որքան: Ըստ այդմ, փոփոխություն է առաջարկվում Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների մասին ներկա օրենքում, որով ընդհանուր հարաբերությունները ՀԱԵ-ի հետ պետք է կարգավորվեն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով, սակայն պետության և ՀԱԵ-ի հարաբերությունները կարգավորվելու են առանձին օրենքով: Իսկ սա նշանակում է, որ պահպանվում է խտրական մոտեցումը:
«Կրոնի և իրավունքի կենտրոն»-ի նախագահ, կրոնագետ Արմեն Լուսյանը հետընթաց է համարում օրինագծի վերջին տաբերակը, որն, ըստ նրա, էականորեն տարբերվում է անցյալ ամռանը հանրային քննարկման դրված տարբերակից: «Օրինագծի լրամշակված տարբերակը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որ բոլոր դրական կետերը, որոնք անշուշտ կան, խամրել և իմաստազրկվել են»,-մեզ հետ զրույցում ասաց կրոնագետը՝ հավելելով. «Ես կասեի՝ ոլորտի կարգավորման կոնցեպցիայից անցում է կատարվել խղճի ազատության սահմանափակման հայեցակարգի։ Պարզ ասած՝ նախագծի մի մասում ներկայացվում է, թե ինչ լավ բան է խղճի և դավանանքի ազատությունը, մյուս մասում ամրագրվում են բոլոր հնարավոր ու անհնարին պայմանները՝ այդ ազատությունը սահմանափակելու համար»:
Արմեն Լուսյանը մտահոգիչ է համարում այն, որ քրեականացնելով դավանափոխությանը հարկադրելը՝ նախագծի հեղինակները միաժամանակ «այնպիսի երկարաշունչ, բարդ և անորոշ» սահմանում են գրել, որ ցանկացած կրոնական քարոզչություն կարող է ընկնել այդ հոդվածի տակ։ «Հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մի հոդվածով երաշխավորում դավանանքի ազատությունը, եթե մեկ այլ հոդվածով այն պետք է չեզոքացնենք»,-հարց է բարձրացնում կրոնագետը:
Ըստ ՀԿ նախագահի՝ միանշանակ է, որ օրինագծի այս տարբերակը պետք է վերանայվի. «Անհրաժեշտ է հաշվի առնել ոլորտի փորձագետների առաջարկությունները և ձերբազատվել նախնական նախագծի մեջ ներմուծած վիճելի դրույթներից: Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է»,- նշում է նա:
«Հայաստանում ստիպողական դավանափոխությամբ զբաղվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչները, բանակում՝ սպաները»
Վերջերս ներկայացված օրենսդրական փաթեթին առարկել է Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցությունը՝ 14 համապարփակ առաջարկություն ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարություն:
Համագործակցության կազմում են «Կյանքի խոսք», «Միաբանություն», «Երևանի Ավետարանական» եկեղեցիները, Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը, ինչպես նաև Շիրակի մարզի Ավետարանական-մկրտական եկեղեցին:
«Եթե նախնական նախագիծը, իր բոլոր սկզբունքային թերություններով հանդերձ, ընդհանուր առմամբ լավատեսություն էր ներշնչում, որ շտկումների արդյունքում մենք կարող ենք ունենալ ժողովրդավարական չափանիշներին և նորմերին համահունչ օրենք, ապա ներկա տարբերակը հուշում է, որ մենք այդ նշաձողից, ցավոք սրտի, հեռանում ենք»,- առաջարկության փաթեթի մեջ գրել են վերոնշյալ եկեղեցիների ներկայացուցիչները՝ հավելելով, որ անսպասելի էր, որ լրամշակված նախագծում կրկին տեղ կգտնեն «այնպիսի արգելքներ և վերահսկողական մեխանիզմներ», որոնք բնորոշ էին նախորդ օրինագծերին, և որոնց վերաբերյալ թե՛ հայաստանյան մասնագետները, և թե՛ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բազմիցս հնչեցրել էին բացասական և քննադատական կարծիք։
Ի թիվս այլ առարկությունների՝ Ավետարանական եկեղեցիների համագործացությունը համաձայն չէ «հարկադիր դավանափոխության» սահմանման ձևակերպման հետ և առաջարկում է վերադառնալ նախագծի նախնական տարբերակում ամրագրված շարադրանքին՝ կատարելով որոշ լրացում, այն է՝ «Հոդված 160. Դավանափոխությանը, դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը բռնության, խաբեության կամ սպառնալիքի միջոցով»:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ և religions.am կայքի ղեկավար Ստեփան Դանիելյանը ճիշտ որոշում է համարում հարկադիր դավանափողությունը քրեականացնելը. «Նման հոդվածներ կան ժողովրդավար երկրների օրենսդրություններում, կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ»,- ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով, որ կարևորն այն է, որ կառավարությունը վերջապես հրաժարվեց «հոգեորսություն» ոչ իրավական միջնադարյան եզրույթից, սակայն խնդիրն այն է, որ հոդվածը ճիշտ օգտագործվի։
«Օրինակ, Հայաստանում զանգվածաբար ստիպողական դավանափոխությամբ զբաղվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչները, բանակում՝ սպաները: Մենք ունենք կոնկրետ դեպքեր և ապացույցներ՝ տեսաերիզ, որտեղ ուսուցիչնեչը կրթության նախարարի ներկայությամբ հպարտացել են, որ երեխաներին «դարձի» են բերել և տարել կնքելու»,- ասաց Դանիելյանը՝ շարունակելով. «Ունենք կոնկրետ դեպքեր, երբ ուսուցիչները բողոքական եկեղեցիների աշակերտներին դպրոցներում հետապնդել են և այդ դեպքերի կապակցությամբ մենք նամակագրություն ենք ունեցել կրթության նախարարության հետ։ Բանակում նույնպես պատկերը մտահոգիչ է։ Սակայն այդ անձինք չեն պատժվում։ Ավելին, դա վերածվում է պետական քաղաքականությամբ։ Դպրոցները, բանակը և մյուս պետական ինստիտուտները պետք է պարբերաբար մոնիթորինգի ենթարկվեն և նման դեպքերը պետք է բացահայտվեն ու պատժվեն»:
Դանիելյանը նկատում է, որ ի տարբերության նախորդ նախագծի, օրենքից հանվել է այն կետը, ըստ որի, նոր օրենքը չի տարածվում Հայ եկեղեցու վրա, սակայն օրենքում շարունակում են մնալ որոշ երկիմաստ ձևակերպումներ։
«Մասնավորապես՝ իրավաբանորեն տարանջատված են Հայ Առաքելական եկեղեցին և մյուս կրոնական կազմակերպությունները։ Կան հիմքեր ենթադրելու, որ հետագայում կպատրաստվի եկեղեցու և պետության հարաբերությունների մասին օրենքի նոր նախագիծ, որտեղ եկեղեցուն հատուկ կարգավիճակ և առավելություններ կտրվեն, որոնք կվերաբեն նաև զինված ուժերում և հանրակրթական հաստատություններում գործելու հատուկ իրավունքներ։ Մենք պետք է հասկանանք, որ եկեղեցու և պետության սերտաճումն արդեն քաղաքական հնչողություն և պատճառներ ունի»,-ասաց նա:
Իրավապաշտպանը ողջունելի է համարում, որ զինված ուժերի, ոստիկանության և ուժային այլ մարմիններում ծառայության մասին օրենքներից հանվել է կրոնական պատկանելության հողի վրա ծառայության սահմանափակումը: Ըստ նրա՝ նախագծում խիստ մտահոգիչ է հաշվետության և գրանցման հետ կապված բավականին խիստ պահանջներն ու ձևակերպումները, նաև կան անհամաչափ տուգանքներ ու պատիժներ քրեական և վարչական օրենսգրքերում:
Հեղինակ` Մարինե Խառատյան
Հոդվածը պատրաստվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակներում` «Բաց հասարակության
հիմնադրամներ–Հայաստան»-ի աջակցությամբ: