Փարիզի արվարձաններից մեկի` Լ’Է լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Ժանբրյուն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 2-ի գիշերն անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են իր տան վրա։ Դրա հետևանքով տուժել են նրա կինը և երեխաներից մեկը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Իմ տան վրա հարձակվել են, և իմ ընտանիքը մահափորձի է ենթարկվել»,- գրել է Վինսենթ Ժանբրյուն Twitter-ում։
Անհայտ անձինք փորձել են մեքենայով հարվածել նրա տանը և այրել այն,հավելել է Ժանբրյուն։ Նրա խոսքով՝ հարձակման պահին ինքը եղել է քաղաքապետարանում։
Նաև հաղորդվում է, որ Ֆրանսիայում անկարգությունների գիշերը բերման է ենթարկվածների թիվը 486-ից հասել է 719-ի, որից 194-ը՝ Փարիզում, 65-ը՝ Մարսելում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր 486 բերման ենթարկվածի մասին։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն անկարգությունների հետ կապված մոտ 45 հազար ոստիկան է տեղակայել։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։