Արարատի մարզի Վերին Դվին գյուղում այսօր տեղի է ունեցել հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայող Երվանդ Թադևոսյանի հոգհանգստի արարողությունը։
Երվանդի ընտանիքը տեղահանվել է Բերձորից, Վերին Դվինում վերջերս է են տուն ձեռք բերել։NewDay.am-ի հետ զրույցում նրա ընկերները պատմեցին, որ Երևանդը չէր համակեպվում Քաշաթաղի կորստի հետ, չէր պատկերացնում իրենց տունը այլ վայրում։
«Երվանդը իրենց նոր տունը դեռ չէր տեսել, ներս չէր էլ մտել, հիմա շատ դաժան է․ տուն բերվել է նրա մարմինը։ Երվանդը հպարտ էր, որ ծառայում է հայրենիքին, հավատում էր՝ մի օր վերադառնալու է Բերձոր։ Շատ ափսոս, կարճ ժամանակ հետո պետք է զորացրվեր»,-նշում էին նրա ընկերները։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան «Եռաբլուր»-ում հուղարկավորելու նպատակով։