Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։
«Ադրբեջանական կողմի մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են Լեռնային Ղարաբաղից: Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,-նշել է Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։
«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»,-շեշտել է Մարուքյանը: