Hraparak.am-ը գրում է. Ես պարբերաբար տարբեր վարչական շրջաններում ծավալված «Հայաքվեի» ստորագրահավաքների տեղամասերի հետ կապերի մեջ եմ մտնում և իմ սպասելիքներն, անկեղծ ասած, մեր ժողովրդից ավելի մեծ էին։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
«Փորձում ենք հիմա հասկանալ ինչն է պատճառը, տեղեկացված չլինելը, ինչ-որ կաշկանդող բաներ կան, մարդիկ կան, որ խանգարում են, երևույթներ կան, բայց նաև մյուս կողմից, եթե երեկ էր գործընթացը սկսվել, համեմատելու համար եթե ասեմ, նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի աճել է հոսքը»,-ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ միգուցե տեղեկացված չլինելու հարցն է եղել ամեն դեպքում, սակայն այցելողները իրենց ծանոթներին են ստորագրահավաքի մասին տեղեկացնում և ամենայն հավանականությամբ վաղն ավելի շատ կլինի, քանի որ այսօր ավելի շատ են, քան երեկ։
«Վաղը երևի ավելի շատ կլինի, մինչև մեզ անհհրաժեշտ քանակի ստորագրությունները կունենանք։ Միևնույն է, ես գիտեմ, որ այդ 50 հազար ստորագրությունը միանշանակ հավաքվելու է, ինչ ձևով էլ խանգարեն, ինչ ձևով էլ ազդեցություններ ունենան, ինչ անուն, պոզ ու պոչ կպցնեն՝ դա հավաքվելու է միանշանակ։ Մեր երկրում կա 50 հազար հայ, որ թքած ունի ամեն ինչի վրա և կան սկզբունքային խնդիրներ, որի լուծման համար ինքը պատրաստ է գնալ։ Միանշանակ կա և դա հավաքվելու է, մենք այդ մարդկանց գտնելու ենք և ուղորդելու ենք»,- եզրափակեց Տիրան Խաչատրյանը։