2024-ի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտի բոլոր ապրանքատեսակները միատեսակ տուփերով կվաճառվեն, կտարբերվեն միայն ապրանքանիշի անվանումով: Ըստ առողջապահության նախարարության հեղինակած օրենքի՝ արգելվում է տուփերի վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ տարբերանշանները: Մասնագետների համոզմամբ՝ արտադրողի համար ծխախոտի տուփը մարքեթինգի մի մաս է, որը լրացուցիչ սպառում ապահովելու խնդիր է լուծում, գրում է «Լուրեր»-ը։
«Պարզ փաթեթավորումը կամ միատեսակ փաթեթավորումը բերում է սպառման նվազեցման ի հաշիվ նոր սպառողների, կանխարգելում է նոր սպառողների առաջացմանը: Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահի համոզմամբ, սակայն, այս օրենքը սպառողների վրա դրական առումով տեսանելի ազդեցություն չի ունենա, առավել արդյունավետ է համարում այլ երկրներում կիրառվող կանխարգելիչ միջոցառումները»,- հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։
«Ըստ ընթացակարգի քննարկվել է ԵԱՏՄ պետությունների կողմից, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կողմից ստացվել է բացասական դիրքորոշում, դեռևս չենք ստացել Ղազախստանի Հանրապետությունից և Ղրղզստանի Հանրապետության կողմից կարծիքներ:
Թեև օրենքի կիրառմանը կես տարի է մնացել, և այն սահմանում է բոլորի համար միատեսակ տուփով արտադրանք, դեռ մշակված չէ տեխնիկական կանոնակարգը, օրինակ, թե կոնկրետ ի՛նչ տեսք ու չափ պետք է ունենա այդ տուփը կամ ինչ հումքից պատրաստված լինի: Պարզ չէ նաև՝ կթույլատրվի՞ արդյոք հին տուփերով արտադրած կամ ներմուծած խմբաքանակի սպառումը: «Լուրերը» կապ հաստատեց նաև ծխախոտ արտադրող երեք տարբեր ընկերությունների հետ, փոփոխության վերաբերյալ նրանց տեսակետը սակայն ճշտել չհաջողվեց:
Ծխախոտի սպառման նվազեցման նպատակով Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ այսօր կազմակերպել էր աշխատաժողով: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բացման խոսքում կարևոր համարեց միատեսակ փաթեթավորման հարցում ԵԱՏՄ երկրների համաձայնությունը»,- ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը: