Search
Close this search box.

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններից հետո:

«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», — հայտնել էին ԱԳՆ-ից։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: Նա նշել է, որ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացում է եղել, ինչպես նաև գիտակցում, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար:

Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև:

«Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին, Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Please enter a valid URL