Ռուսաստանահայ լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու իրական պատմություն Հայաստանի մասին
Պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ռուս ռազմական լրագրողներն ինձ ասացին, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ. Ղարաբաղի մարտիկներից տեղեկություն կա, որ Նիկոլը պատրաստվում է հանձնել Շուշին։ Քանի որ ինձ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, ես այնտեղ ուղարկեցի իմ ընկեր և աշակերտ Սամվել Նալբանդյանին։ Սամվելը երեք օր անց ասաց, որ պատերազմի մասին լրիվ սուտ տեղեկություններ են տարածվում և որ Փաշինյանը կամազուրկ ու ապաշնորհ ղեկավար է: Սամվելին խնդրեցի հանդիպել Արծրունին։ Մեկ շաբաթ անց Սամվելը հանդիպեց նրան։ Արծրունը Սամվելին երդվեց, որ ամեն ինչ լավ է, և մենք հաղթում ենք. Սամվելն ինձ ասաց՝ «Արծրունը ստում է, նրան հավատալ չի կարելի»։ Եվ այդպես էլ եղավ։
Երկրորդ պատմությունը
Պարտությունից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ։ Նրան ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը։ Իսկ տեղեկատվական աջակցությունը ես կապահովվեմ: Օնիկը պատասխանեց՝ «թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»։ Ասացի՝ «ոչ ոք ուղիղ հրահանգ չի տա». այդտեղ բաժանվեցինք։ Ավելին՝ գիտեք:
Այսպես, մեկի սուտը, մյուսի վախկոտությունը սերտորեն միահյուսվելով՝ խեղդում են Հայաստանը՝ հուրախություն Փաշինյանի»: