Search
Close this search box.

«Հրապարակ». Ես դատախազի խոսքը լսելիս ուղղակի ամաչում եմ

«Հրապարակ» թերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ երեկ կրկին ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը։ Ծառուկյանին եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Նրանք մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ, սակայն այս գործի վաղեմությունն անցած է, եւ եթե մեղադրյալներն արդարացում չպահանջեին, ապա գործը կկարճվեր, որովհետեւ անգամ եթե դատարանը որոշի, որ նրանց հանցանքն ապացուցված է, միեւնույն է՝ օրենքը թույլ չի տալիս պատիժ նշանակել։

Երեկվա նիստն անցնում էր լարված պայմաններում, Ծառուկյանի ու դատախազ Դավիթ Աղաջանյանի միջեւ վեճ սկսվեց։ «Ես դատախազի խոսքը լսելիս ուղղակի ամաչում եմ, որ 100-ից ավելի քննիչ մի 1000-2000 հոգու են քննել՝ տանել-փակելով, որին` երկու ամիս, որին` մեկ ամիս։ Թող հարգելի դատախազը թեկուզ մեկ օրինակ բերի, որ էդքանից մեկն ասած լինի` Ծառուկյանը գումար է տվել, որ տանեմ, կաշառք տամ։ Ծառուկյանն ո՞ւմ է փող տվել»,- դիմելով դատախազին` հարցրեց Ծառուկյանը։ «Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես»,- հարցրեց Գագիկ Ծառուկյանը։

«Վազգեն Պողոսյանը երբեւէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյանի պաշտպաններից մեկը՝ Էմին Խաչատրյանը։ «Իրականում մեր՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ծառուկյանի գործով չկա որեւէ ապացույց: Երբ համապատասխան փուլը գա, Վազգեն Պողոսյանը կհարցաքննվի, կհետազոտվեն նաեւ նախաքննության ընթացքում տեղի ունեցած առերես հարցաքննությունները: Պողոսյանը երբեւէ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, նորից եմ ասում։ Նրանց միջեւ եղել են առերեսումներ։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ պաշտպանական կողմը գործի ամբողջական նյութերին ծանոթանալու հնարավորություն չունի: Մոտ 55-60 հատոր գործից տրամադրվել է ընդամենը մոտ 4 հատորը։ Նախաքննության ընթացքում, բացի ԱԱԾ քննիչներից, ամբողջ ՀՀ տարածքով քննչական խմբում ներգրավված էր մոտ 100 քննիչ: Այդ 100 հոգանոց քննչական խումբը հարցաքննել է հարյուրավոր անձանց: Այն ժամանակ մեղադրանքը վերաբերում էր Հայաստանի ամբողջ տարածքին, հիմա շրջանակներն ավելի նեղացված են: Ամբողջ ծավալով նյութերին ծանոթ չլինելը մեզ մոտ խնդիրներ է առաջացնում»,- հավելեց փաստաբանը։

Վազգեն Պողոսյանին անդրադառնալը, նկատենք, պայմանավորված է մի բանով՝ լուրեր կային, որ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա է Ծառուկյանին մեղադրանք առաջադրվել։

Please enter a valid URL