Search
Close this search box.

Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում է

Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ,բանակցային գործընթացին:

Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»: Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:

Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», — ասել է նա:

Շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով:

13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը:

2023թ հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» հարցի քվեարկության ժամանակ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել, ուստի որոշման քվեարկությունը համարվել է չկայացած:

Նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է:

Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արթուր Թովմասյանը և Արամայիս Աղաբեկյանը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի փակման մասին:

Please enter a valid URL