Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում էր տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ Սիմոն Մարտիրոսյանը նախապատրաստվում է մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել նրան ազատելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։
Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը հաշվառված է Էջմածնի զինկոմիսարիատում: Այս մասին հարցը Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր և հաստատվեց: