Search
Close this search box.

Քրգործ է հարուցվել քրեական աստիճանակարգություն ունեցող անձի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հունվարի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Տարզան» մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):

Նախաքննության տվյալների համաձայն՝ Ա.Խ.-ն 2022 թվականին ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Միավորման նպատակն է հանցագործություն կատարելն ու դրան հովանավորելը, այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա.Խ.-ն, համաձայնություն է տվել իր հեղինակությունն օգտագործելու միջոցով լուծել իրեն դիմած Մ.Հ.-ի և Ա.Հ.-ի միջև եղած գումարային վեճը:
Մասնավորապես՝ Ա.Խ.-ն, 2022 թվականի հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման՝ ինքնությունները չպարզված 5-6 անձանց ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Ա.Հ.-ի հետ, որի ժամանակ, օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ Ա.Հ.-ի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ Մ.Հ.-ի հետ ունեցած պարտքերն ինքն է լուծելու, որը, իր հաշվարկով, կազմում է 314 հազար ԱՄՆ դոլար և որը պետք է վճարի Ա.Հ.-ն:

Այնուհետև, պահանջել է իրեն տալ եկամուտ և մասնաբաժին՝ Ա.Հ.-ի գազալցակայանների շահույթներից: Այդ ամենն ուղեկցվել է Ա.Հ.-ի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար «Տարզան» մականվամբ Ա.Խ.-ին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով Ա.Հ.-ի հետ ունեցած գումարային վեճը լուծելու խնդրանքով:

2023 թվականի հունիսի 28-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Please enter a valid URL