Search
Close this search box.

Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրագործումը. ԱԺ փոխնախագահ

Արցախում ադրբեջանական սադրանքի հետեւանքով մեր 4 զոհերի փաստը կարելի է կապել, կարելի է նաեւ չկապել Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության բանակցությունների հետ։ Ազատության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Վաշինգտոնյան բանակցություններ ֆոնին։

Նրա խոսքով՝ կարեւոր չէ, թե Արցախի իրադարձություններն ինչի ֆոնին են տեղի ունենում. «Կարեւոր է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը, եւ շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, Լաչինի միջանցքի արգելափակումը, էլեկտրականության եւ գազի մատակարարման խափանումներն ու նման հարձակումները»:

Ռուբինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչ գործառույթ են իրականացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն այն դեպքում, երբ թշնամական կողմը նույնիսկ ԱԹՍ եւ հրետանային զենք է կիրառում այնտեղ։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ հարցը լեգիտիմ է, եւ ՀՀ կառավարությունը նույնպես անընդհատ բարձրացնում է այդ հարցը։

«Ըստ էության, ռուս խաղաղապահ զորակազմին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը։ Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում որեւէ բան ապահովել, սակայն, շատ բան չի հաջողվում։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը, որպեսզի ապահովվի այն, ինչ ամրագրված է՝ այդ թվում ՝հրադադարը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը՝ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Please enter a valid URL