Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտունի քաղաքից են, մյուս երկուսը Մարտակերտից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նշեմ նաև, որ զոհվածներից մեկի հայրն էլ 1992 թվականի պատերազմում էր զոհվել»,- մանրամասնել է Հակոբյանը:
Այս պահին տիրող իրավիճակի մասին էլ պատգամավորը հայտնել է, որ ռազմական գործողություններ չեն ընթանում. «Ես բնակիչների հետ եմ զրուցել, փորձել հասկանալ իրավիճակը, նշում էին, որ մեր զինվորականների և ռուս խաղաղապահների կողմից օպերատիվ կերպով արձագանք է եղել, այս պահին բնակիչների անվտանգությունն ապահովված է, կրակոցներ չեն հնչում»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Նշենք նաև, որ ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական վերոնշյալ հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների տվյալները: