Հրապարակը գրում է․
Երասխ համայնքի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նրա հեռացման հետ համաձայն չեն տեղի բնակիչները, եւ նրանք ահազանգել են մեր խմբագրություն՝ խնդրելով օգնել, որ Այվազյանը կրկին նշանակվի այդ պաշտոնում։
Հիշեցնենք, որ նրան ազատելու բուն պատճառը մեր թերթին տված հարցազրույցն էր, որտեղ Այվազյանն անզգուշություն էր ունեցել նախօրոք հայտնելու, թե Երասխի գործարանի վրա ԱՄՆ դրոշն են դնելու, որ ադրբեջանցիները չկրակեն։ Դրոշը, իհարկե, տեղադրվեց, բայց ադրբեջանցիները շարունակեցին կրակել, իսկ Այվազյանին չներեցին, որ այդ ստրատեգիական «գաղտնիքը» վաղօրոք հայտնել է լրագրողներին։ Հենց նույն օրը նրան նկատողություն են հայտնել, եւ քանի որ արդեն 3 նկատողություն ուներ, հեռացրել են պաշտոնից։ Ի՞նչ պատճառով էր Այվազյանը ստացել կարգապահական տույժերը։ Մեկն այն պատճառով, որ առանց զգուշացնելու համայնքից մեկ օրով բացակայել է։ Պարզվում է, որ բացակայել է ընդամենը մի քանի ժամով՝ մեկնել է Սիսիան, որովհետեւ Սիսիանի քննչականից կանչել են, որ տեղափոխի որդու ավտոմեքենան, որն ավտովթարից հետո Սիսիանում էր մնացել։ Այվազյանը փորձել է կապ հաստատել Արարատի համայնքապետի, նրա տեղակալ Արսենի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել զանգերին։
Երասխի բնակիչները մեզ տեղեկացրին, որ Այվազյանի որդու կյանքը հազիվ են փրկել, վարկով ձեռք բերված մեքենան ջարդոնի է վերածվել։ Որդին կորցրել է աչքը, մի շարք պլաստիկ վիրահատությունների կարիք ունի։ Բնակիչները պատմում էին, որ Այվազյանի գլխավոր հակառակորդը Երասխի նախկին ղեկավար Ռադիկ Օղիկյանն է, եւ այս ամբողջ պատմությունն այն բանի համար է, որ Այվազյանի փոխարեն ղեկավար նշանակվի Օղիկյանի նախկին եւ Այվազյանի ներկայիս տեղակալը՝ հիմա համայնքապետի ժՊ Նվեր Սամվելյանը։
«Ասում էին՝ անվայել խոսքեր է ասել, հիմա էլ ասում են՝ անվայել խոսքեր չի ասել։ Ասում էին՝ խմել է, հիմա էլ ասում են՝ չի խմել։ Հիմա էլ ասում են՝ առանց տեղյակ պահելու համայնքապետը գնացել է Սիսիան, մի օրով, իրականում մի օր էլ չի տեւել՝ մի քանի ժամ, իր երեխու գործով, որ ավտովթար էր ունեցել, որ այդ մեքենան բերեին։ Հավաստիացնում եմ, որ զանգել է համայնքապետին, տեղակալին էլ»,- ասաց Երասխի մի բնակիչ։ Նրա կարծիքով՝ Այվազյանին հեռացրին, քանի որ չի ներգրավվել կոռուպցիոն սխեմաների մեջ, այսինքն՝ հրաժարվել է ստորագրել ծրագրերի տակ, որոնք չեն իրականացվել, սակայն որոնց համար տրամադրված գումարն օգտագործվել է։ Այվազյանը հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքը չի կարող ստորագրել այդ թղթերի տակ։ «Օրինակ, մարդն ասել է՝ եթե գազի գիծը չի եկել մտել գյուղ, ես ո՞նց ստորագրեմ թղթերի տակ, որ գազի գիծը մտել է գյուղ։ 90 հազար դոլարի հետ մարդը խաղ չի անի, տրուբեքն են քաշել։ Բացի այդ, Այվազյանից պահանջել էին, որ Տիգրանաշենից իր միջոցներով խողովակ քաշի ու բերի հասցնի գյուղ, բայց ինչի՞ այս մարդն իր գրպանից պետք է գումար դներ ու Պարույր Սեւակ համայնքից խողովակաշար հասցներ գյուղ։ Ինքը հրաժարվում էր կոռուպցիոն սխեմաներին մասնակցել, իրենց բերած թղթերի տակ ստորագրել, դրա համար էլ այսպես սիրուն հեռացրին ու կբերեն էնպիսի մարդու, որ խելոք-խելոք կստորագրի բոլոր թղթերի տակ»,- ասաց Երասխի բնակիչը։
Պատմեց նաեւ, որ Այվազյանը, ի տարբերություն նախկին ղեկավարի, գյուղում վարձով է ապրում, 3 որդիների հետ պատերազմներին է մասնակցել, իր աշխատավարձն ամբողջությամբ ծախսում էր գյուղի վրա՝ խաղահրապարակ կառուցել, ծառատունկ կազմակերպել եւ այլն։
«Այդ մարդը 3 հազար դոլար տոկոսի տակ է ընկել այս գյուղի համար, ինչ նստեց գյուղապետ։ Ասում են՝ մարդը երկու ժամ բացակայել է․ լավ է արել՝ բացակայել է, ինչի դուք չե՞ք բացակայում»։ Այն, ինչ Այվազյանն իր պաշտոնավարման 9 ամսվա ընթացքում է հասցրել անել, չեն արել Երասխի բոլոր նախկին ղեկավարները։
Իսկ նախկին գյուղապետի թիմից՝ Օղիկյանի մարդկանցից գյուղացիները վախենում են՝ աշխատանքը չեն ուզում կորցնել եւ ավելորդ քաշքշուկների մեջ ընկնել։ «Մարզպետն ու քաղաքապետն իր տղու հետ մի կոլեկտիվ են, խոսելաձեւ էլ չունեն, պոռճավարի, մարդուն հարգել չգիտեն, մարդկանց հետ վարվելու ձեւ չունեն, իսկ Այվազյանը… մարդիկ մի հարցով մտնում էին, նույն պահին ստորագրում, թուղթը տալիս էր, ոչ թե նախկինների նման ասեր՝ հանի փողը տուր, որ ստորագրեմ»,- ասաց մեր զրուցակիցը։
Երասխի մեկ այլ բնակիչ էլ մեզ պատմեց, որ Այվազյանը նվիրված է աշխատել, ամեն ինչ արել է առանց կաշառքի ու սեփական գրպանից էլ է օգնել բնակիչներին։
«Այդ մարդը շատ բան է արել այս գյուղի համար, խաղահրապարակներ է կառուցել, երեխեքը նույնիսկ դուրս չէին գալիս դրսում խաղալու, իսկ հիմա խաղահրապարակներից տուն չեն գալիս»,- ասաց Երասխի բնակչուհի Արմինեն։
Երբ շտապ վիրահատության կարիք են ունեցել, Այվազյանն իր աշխատավարձից 100 հազար դրամ է տվել։
Երասխի բնակիչ Գագիկ Իսրայելյանն էլ խնդրեց, որ իր անունը չթաքցնենք, եւ բացատրեց, թե բնակիչներն ինչու են խուսափում իրենց անունը հրապարակելուց. Երասխում վախի մթնոլորտ է տիրում, համայնքապետը կարող է առանց աշխատանքի ու գոյատեւելու աղբյուրի թողնել։ «Գյուղում Այվազյանից դժգոհ չեն կարող լինել։ Առաջվա գյուղապետ Օղիկյանն իր խմբով կարող է մի տեղ հավաքվել, ասել, որ այս մարդը վատն է, լավը չի, իրենք ուզում են իրենց մարդուն դնել՝ Այվազյանի օգնական Նվեր Սամվելյանին։ Այվազյանին հեռացրին, որովհետեւ ամբողջ կյանքում մաքուր է ապրել, կաշառք չի վերցնում, գյուղի համար է ապրում։ Ծառատունկ է կազմակերպել, ակուրատնի, սիրուն, ում փող է պետք եղել, իր գրպանից է դրել։ Կարուսելներ է սարքել, մի տեղ քանդած է եղել՝ բերել ավազ է լցրել, աղբը մարդիկ տանում թափում էին, ինքն իր ուժերով մեքենա է ճարել, սալյարկա է լցրել, տարել զիբիլը թափել է, որ մաքուր լինի։ Գերեզմանոցի ճանապարհներն է կարգի բերել, այդ ո՞ր մի գյուղապետն է արել՝ ոչ ոք։ Ուղղակի էդ մարդու գլխին ուզում են սարքեն, իբր չի ենթարկվում»,- ասաց Իսրայելյանը։
«Նպատակն այն է, որ Օղիկյանի շրջապատի մարդ գա համայնքապետ, որ իրենք նստեցնեն՝ ինքը ստորագրի, ոչ թե մարդ լինի, որ ասի՝ ես անօրինական բաներ չեմ սիրում, չեմ ստորագրի։ Որ չասի՝ եթե այս քարը չի մտել վարչական շրջանի շենք, չեմ ստորագրի։ Եթե Այվազյանին չվերականգնեն, մենք Երասխի ճանապարհը փակելու ենք, ու կարող է ահավոր մարդասպանություն լինի, որ այս տիպի մարդու գլխին սարքում են։ Մինչեւ վարչապետ տեղյակ են այս մասին, բայց վարչապետը մի լուծում չի տալիս»։
«Եկեք, տանեմ ցույց տամ… ում հարցնում ես, ասում են՝ պրն Օղիկյանինն է։ Գնում ես գերեզմանների տակը, հարցնում ես, ասում են՝ պրն Օղիկյանինն է, կնոջ անունով է գցած, թանկարժեք ավտոներ է քշում։ Չի կարելի ախր։ Այս խեղճ մարդը տրաքած «07» էր քշում, ոչ էլ մեքենան էին փոխում․ մենք մեր ուժերով ինչքան կարողացել, վերանորոգել ենք մեքենան»,- ասում է Իսրայելյանը։ Գյուղացիները մեղադրում են Արարատի համայնքապետին ու մարզպետին, որ վարչական լավ ղեկավարին ազատեցին պաշտոնից, բերեցին իրենց նման մեկին։