Search
Close this search box.

ՔՊ–ն Երևանի ավագանու ընտրություններին առանց դաշինքի կմասնակցի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին որոշում է կայացվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել առանց դաշինքի։

Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում նաև ամփոփվել են քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել կուսակցական բնույթի հարցեր։

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ ԶԼՄ–ներն էլ հայտնել են, որ հնարավոր է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում գուցե հայտարարի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք` Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Փամբուխչյանը։

Please enter a valid URL