«Փաստ չէ, որ Մովսես Հակոբյանը, ով հրապարակել է այդ տեղեկատվությունը, այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ»․ այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գաղտնիության թույլտվություն չունեցող անձը՝ օրինակ, Դավիթ Գալստյանը, հրամանատարական կետում գտնվել, ինչպես նաև իր կինը՝ Աննա Հակոբյանն, այդ օրերին Արցախում գտնվելով, շփումներ ունեցել Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ․
«Դա փաստ չէ, քանի որ ինքն այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը և ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պե՞տք է քննվի։ Երկրորդ․ ինքը գտնվել է այնտեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա պատմեց, թե ինչպես է Մովսես Հակոբյանն, իր աշխատավայրը թողած, ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնելու որոշում կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։
Անդրադառնալով հրամանատարական կետի հետ կապված խնդրին՝ վարչապետը պարզաբանեց, որ ուսադիրով լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր տեղերում կարող ես լինել։ Խոսելով Աննա Հակոբյանի՝ այնտեղ գտնվելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ երբ Արցախում պատերազմ է, ինքը չի կարող Երևանում պարապ մնալ, քանի որ այնտեղ՝ Ստեփանակերտում, մարդկանց օգնություն է պետք․ «Իմ կնոջ՝ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Եվ հընթացս ԼՂ ղեկավարության հետ եղել է շփում ու գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնանք, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակերտում է»։
Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում ընդամենը եղել է 10-15 րոպե։