Search
Close this search box.

2020–ին զեկուցե՞լ են F16–ի օդաչուների զրույցի մասին. Քոչարյանը հարց ուղղեց Փաշինյանին

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնել է, որ պատերազմից առաջ ՀՀ զինված ուժերը մաս–մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որովհետև ռադիոկլանման միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 25-ին որսացել էին Գյանջայի հատվածում թուրքական F16 կործանիչների օդաչուների խոսակցությունը, ըստ որի` «կիրակի օրը նրանք ինչ–որ կարևոր բանի պետք է մասնակցեին»։ Օնիկ Գասպարյանը շեշտել է, որ այս տեղեկությունները ստանալուց հետո ինքը «ինտուցիայով նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել է»։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին պատմեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելով` արդյոք նրան այդ մասին զեկուցվել է։

«Ինչպես կգնահատեք զինված ուժերի հետախուզական ծառայությունների աշխատանքը, ԱԱԾ համապատասխան կառույցների աշխատանքը, արդյոք նրանք հստակ, դետալային տեղեկություններ հայտնել են 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, մոտավոր ամսաթիվ, ուժեր, ուղղություններ և այլն»,– նշեց Քոչարյանը։
«Սեպտեմբերի 25-ին այդ տեղեկությունն ինձ զեկուցվել է»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ մինչ այդ էլ իրեն շատ այլ տեղեկություններ են զեկուցվել։

«2018 թվականի մայիսից վարչապետ եմ ընտրվել և ստացել եմ զեկուցագրերը, անընդհատ ԱԱԾ–ն և հետախուզությունն ահազանգել են պատերազմի հնարավորության մասին, ընդ որում` տարբեր ժամկետներ էլ են նշվել` 2018-ի ամռանը, աշնանը, 2019-ի գարնանը, չէ, ամռանը։ Այս տեղեկատվությունը միշտ եղել է, նաև բաց աղբյուրներում են եղել, վերլուծաբաններն էլ են գրել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` պատերազմի հավանականությունը գնահատվել է 30 տոկոս։ Ու դա եղել է ոչ միայն մեր հետախուզության, այլև միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների արդյունքում։
Նա խոստացավ այս մասով որոշ տեղեկություններ տրամադրել դռնփակ հատվածում։ Հավելեց, որ այդ տեղեկությունները տրամադրել է նաև ՔԿ–ին` նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Անդրանիկ Քոչարյանը ևս մի հատված մեջբերեց ՀՀ ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարյանի խոսքերից, որոնք նա հայտնել է քննիչ հանձնաժողովին։

«ՌԴ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զրույցում Գերասիմովն ասել է, որ պատերազմի վտանգ չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, և եթե հայկական կողմը սադրանքներ չանի, ապա ամեն ինչ լավ կլինի։ Ըստ քննիչ հանձնաժողովի տիրապետած տեղեկությունների` նույնաբովանդակ խոսակցություն է եղել նաև այն ժամանակ Ձեր խորհրդական Արշակ Կարապետյանի և ՌԴ ԳՇ գլխավոր հետախուզության վարչության պետի միջև, որի մասին Արշակ Կարապետյանը զեկուցել է Օնիկ Գասպարյանին»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հարց ուղղեց վարչապետին` արդյոք այդ մասին ևս նրան զեկուցվել է։ Փաշինյանը նշեց` զեկուցվել է ոչ միայն դա, այլև այլ պաշտոնյաների հետ զրույցներ էլ։ Այդ մասին ևս Փաշինյանը խոստացավ խոսել դռնփակ ռեժիմում։

Please enter a valid URL