Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում հայտարարել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի Սադարակի բանակցություններում։
Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի փոխանցմամբ՝ Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Քոչարյանն իրեն ասել է, թե Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետևյալն էր ներկայացնում․ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և Լաչինը՝ փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ստանա Նախիջևանի հետ։
« «Առավոտ» օրաթերթում հրապարակում է եղել այն մասին, որ Վարդան Օսկանյանը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը, Ղարաբաղի հետ տրվում էր Հայաստանին»,- հրապարակված հոդվածը մեջբերել է վարչապետը։