Բանակցային գործընթացում առկա թնջուկային մանրամասների մասին 2018-2019թթ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, որովհետև չգիտեր, թե ինչպիսին են լինելու իր ասածի արդյունքներն ու հետևանքները։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց վարչապետ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի մշակած հարցերին։
«Ո՞րն էր լինելու այդ ասելիքի հետևանքը` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, որովհետև դա գոյություն ունեցող կամ ընթացող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը հրապարակային բացելն էր` դրա ներքին հետևանքները, տարածաշրջանային, միջազգային»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այդ ասելիքի հետ ինքն էլ ներդաշնակ չէր։ Խոստովանեց` միգուցե նման մանրամասներով բանակցային գործընթացի մասին չխոսեր էլ, եթե քննիչ հանձնաժողովը չլիներ։
«Քննիչ հանձնաժողովն էր ինձ ստիպել այդ ամենն ասել»,– ասաց Փաշինյանը ու հավելեց` սա այն տեղը չէր, որ ինքը կարող էր գալ և դիվանագիտական լեզվով ասել բաներ, որ մարդիկ չհասկանային։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։