Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար: Այս տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ-ում հայտնաբերվել է վիզայի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող երեք հայ:
Նրանք, ենթադրաբար, ՀՀ քաղաքացիներին ապահովել են պարի կեղծ վկայագրերով, տրամադրել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ, որոնք կբավարարեին «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար: Վերջինս նախատեսված է արտիստների համար: 47-ամյա Ստելլա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը ՀՀ-ից, ով հայտնի է նաև Դինա Ակոպովնա անունով, Բրուքլինի դաշնային դատարանում 15 կետով մեղադրվել են ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախությունների համար: Ըստ մեղադրական եզրակացության, վերոնշյալ երեք անձինք խարդախություններով օգնել են արտասահմանցիներին մուտք գործել ԱՄՆ:
Ստելլա Բոյաջյանն ու Դիանա Ակոպովնան մեղադրվում են նաև փողերի լվացման համար, իսկ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել նաև անձնական տվյալների գողության համար: