Forrights.am-ը գրում է. Հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնակցությամբ։ Նրանք թմրանյութեր փնտրելու մտադրությամբ ներխուժել են Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ, որտեղ գտնվող քաղաքացիներին բռնությունների են ենթարկել, հայհոյել և հնչեցրել անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։
Այս միջադեպի մասին Forrights.am-ին ահազանգել է ակումբի այցելուներից մեկը, որը ոստիկանության ծառայողների բռնի գործողություններից վախեցած է և խուսափում է անձը բացահայտելով ներկայացնել տեղի ունեցածը։
Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը։
«Հարևաններից մեկը բողոքել էր, թե իբր երաժշտությունը խանգարում է։ Սկզբից երկու պարեկ եկան, պարեկների հետ գնացել ենք այդ շենքի մոտ, իրենք իրենց ականջով լսել են, որ շենքի մոտ ձայնը չի հասնում։ Պարեկներին բացատրել ենք, որ կա քաղաքապետարանի կողմից գիշերային ժամերին երաժշտություն միացնելու նախատեսված թույլտվություն, իրենք թողել-գնացել են։ Այդ նույն քաղաքացին 20 րոպե հետո նորից է ոստիկանություն զանգում, պարեկները գալիս են, ու այդ քաղաքացին լրիվ անհիմն ասում է, թե թմրանյութի հոտեր է գալիս։ Պարեկները մտնում են ներս, հետո կապ են տալիս, որ չգիտեմ ինչեր են գտնվել ու սկսում են բրիգադներ կանչել։ Բոլորիս ասում են, որ մտնենք ներս ու թույլ չեն տալիս ակումբից շուրջ 3 ժամ դուրս գալ»,-պատմել է ահազանգած քաղաքացին։
Ակումբում, ըստ մեր զրուցակցի, 35-36 հոգի են եղել, նրանց մի մասը մասնակցել են ընկերներից մեկի ամուսնության առթիվ կազմակերպված երեկույթին։ Մեծաքանակ ոստիկանների ժամանելուց հետո սկսվել են հարվածները, սեռական բնույթի հայհոյանքներն ու ներկաների արժանապատվությունը վիրավորող արտահայությունները։
«Մարդկանց մի մասին վիրավորելով, ձեռքերը ոլորելով ձերբակալել տարել են։ Մարդիկ, որոնք պնդում էին, թե իրավունք չունեն իրենց նկատմամբ նման գործողություն անել, որովհետև հիմքեր չունեն, ոստիկաններն ուշադրություն չէին դարձնում։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ կային, որոնց վիրավորել են, հայհոյանքներ են տվել ու նրանց ինքնասիրությանն են կպել»,-ասաց մեր զրուցակիցը։
Ոստիկանության ժամանելուց և շուրջ երեք ժամ ակումբում փակված մնալուց հետո, ըստ ականատեսի, ներկաներին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Քաղաքացիները նշել են, որ այնտեղ ևս շարունակվել են ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական գործողությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում