Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
Հայտնում են Արաբկիր ԲԿ-ից․
«Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով եւ ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն եւ տարօրինակ, ակամա շարժումներ:
Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով:
Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան եւ մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով: Մի քանի տեսազանգերից եւ հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է:
Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր եւս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաեւ արյունազեղում:
Արցախի բժիշկները հրատապ եւ անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երեւան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է եւս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ եւ նշանակվել է հակացնցումային դեղորայք:
Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երեւան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու եւ բուժման հետագա տակտիկան որոշելու համար»: