Search
Close this search box.

«Հրապարակ»․ Ինչ են քննարկել ՔՊ-ականները փակ նիստում

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Հայաստանի եւ Արցախի գլխին կախված սպառնալիքները սրվում են ժամ առ ժամ, սակայն Նիկոլ Փաշինյանին նեղ կուսակցական, ավելի կոնկրետ՝ սեփական աթոռը պահելու հարցն է առաջնահերթ հուզում։ Այս օրերին, երբ լիակատար շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցիներն արդեն ահազանգում են, որ շուտով սովի կարող են մատնվել, քանի որ պահուստային պաշարներն անսպառ չեն, Նիկոլ Փաշինյանը հավաքում է կուսակիցներին եւ քննարկում ոչ թե այդ հարցերը, այլ ներկուսակցական խնդիրներ։ Օրինակ, թե ինչպես անեն, որ  կուսակցական մարմինների ընտրություններում ոչ մեկի մտքով չանցնի «մուխլյոժ» անել եւ իշխանությունն իր տակից փախցնել։

Իհարկե, այդ ամենի անունը դնում են ընտրակեղծիքները կանխելուն ուղղված միջոցառում, սակայն անգամ ՔՊ-ի ներսում են խոսում, որ Փաշինյանը չի ներում անցած տարեվերջին ՔՊ վարչության ընտրություններում մի խումբ ՔՊ-ականների կողմից իրականացված խմբակային օպերացիան, որով նրանք փորձեցին թռնել իր գլխից եւ ՔՊ վարչությունը «հանել» Փաշինյանի տակից ու այդ նպատակով ընտրակեղծիքներ  իրականացրին։ Խոսքը Սուրեն Պապիկյանի եւ մի քանի այլ անձանց կողմից իրականացված գործողությունների մասին է, որոնք կանխվեցին Արսեն Թորոսյանի ջանքերով։ Այդ ժամանակ ուզում էին այնպես անել, որ վարչությունում Պապիկյանի թեւը ծանրակշիռ ներկայություն ունենա, եւ ներկուսակցական որոշումներում նրա խոսքը վճռորոշ լինի։ Ոմանք անգամ ենթադրում են, որ դրանք ավելի հեռուն գնացող պլաններ էին՝ Պապիկյանը փորձում էր ՔՊ-ում իր դիրքերն ամրապնդել՝ իշխանության իրավահաջորդ դառնալու հեռահար ծրագրով։ 

Ինչեւէ, չնայած կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը որոշ կուսակիցների պատժեց, ամեն մեկին՝ իր ձեւով՝ ոչ բացահայտ, որպեսզի ստվեր չգցի իր միակ՝ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հաղթաթղթի վրա, սակայն պարզվում է՝ որոշել է միջոցներ ձեռնարկել, որ այսուհետ որեւէ ՔՊ-ականի մտքով չանցնի կուսակցական մարմինների ընտրություններ կեղծել՝ լինեն դրանք տարածքային կառույցների, որոնք էլ, ըստ էության, ընտրում են վարչության անդամներին, թե կուսակցության բարձրագույն մարմնի՝ վարչության ընտրություններում։

Վերջին շաբաթներին Փաշինյանը կուսակտիվի հետ քննարկում է տարեվերջյան համագումարում հաստատված կանոնադրության փոփոխությունները, նախօրեին հերթական հավաքն է եղել այդ թեմայով։ Մեզ պատմեցին, որ շուրջ երկու ժամ Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ քննարկել է բոլոր առաջարկները, խորացել ամենաչնչին թվացող դետալների մեջ, քննիչի գործառույթ կատարել՝ հարցերով փորձել «դա խազ» հասկանալ յուրաքանչյուր առաջարկի էությունը, եւ ընթացքում որոշակի ամրագրումներ են արվել։
Դիցուք՝ առաջարկներից մեկը եղել է քվեախցիկների արտաքին տեսքի փոփոխության վերաբերյալ, որպեսզի ՔՊ-ականներն ընտրություն կատարելիս հնարավորություն չունենան լուսանկարել իրենց քվեարկությունը եւ ներկայացնել ոմանց, ինչն ուղղորդված քվեարկության ամենավառ ապացույցներից է, ուստի որոշել են, որ հաջորդ ընտրություններում քվեախցիկները բաց կլինեն՝ գոտկատեղից մի փոքր վերեւ միայն ծածկելով, որպեսզի դահլիճում նստածները տեսնեն՝ ՔՊ-ական ընտրողը լուսանկարո՞ւմ է, թե՞ միայն քվեարկում։ Բացի այդ, սահմանվելու են պատժիչ միջոցներ՝ տույժ-տուգանքի, ընդհուպ կուսակցությունից հեռացնելու տեսքով։ Չի բացառվում, որ երկուսը միաժամանակ կիրառվի, կուսակցական ընտրակեղծարարներին բռնելու պարագայում հեռացնեն կուսակցությունից, եւ նրանք որոշակի տույժ վճարեն։

Մեր աղբյուրի հավաստմամբ՝ այս առաջարկի քննարկումն  ավելի քան մեկ ժամ է տեւել, Փաշինյանը համբերատար լսել է բոլոր կարծիքները, ապա այն ընդունելի համարել։ Մեխանիզմներ են քննարկել նաեւ տարածքային կառույցների ընտրությունների վերահսկման վերաբերյալ, ասվել է, որ հենց ներքեւից է գալիս խնդիրը, ու պետք է առավել խիստ դրվի տարածքայինների հարցը։ Առաջարկներից մեկը վերաբերել է այն հարցին, որ անգամ մեկ ընտրախախտում հայտնաբերելու պարագայում պետք է լուծարել արդեն ընտրված տարածքային կառույցը եւ նորն ընտրել։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը ձեւավորվում է պատվիրակների քվեարկությամբ, իսկ պատվիրակների գերակշիռ մասը կազմում են տարածքային կառույցների ներկայացուցիչները։ Պատահական չէ, որ ՔՊ վերջին համագումարից առաջ Պապիկյանը բավականին ակտիվ էր այդ կառույցները ձեւավորելու փուլում, նա մինչեւ անգամ սահմանային ամենալարված օրերին էր այցելում մարզային գրասենյակներ ու փորձում ուղղորդել գործընթացը։

Please enter a valid URL